top of page

Իմ մասին

Ծնվել եմ 1977թ. ապրիլի 3-ին, Երևանում, կիրակի գիշերը, մի անձրևոտ ախմախ օր: Էսօրվա պես հիշում եմ…

Ուսանել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Երևանի ազատ հումանիտար համալսարանում, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի բաժնում:

Ծառայել եմ հայրենիքին Դոսաֆի նախկին շենքում գտնվող ՛՛Հայ զինվոր՛՛ թերթում, որպես լրագրող: Ծառայության ընթացքում գրել եմ բազմաթիվ տաղտկալի հոդվածներ և մեկ հաջող պատմվացք՝ Մայորը:

Նախքան այդ աշխատել եմ որպես ՛՛Ոչ նշանավոր մարդկանց կյանքը՛՛ հաղորդաշարի ռեժիսոր Ար հեռուստաընկերությունում և անձամբ ճանաչել Երևանի գրեթե բոլոր հետաքրքիր և ոչ նշանավոր մարդկանց՝ անտուն թափառականներից մինչև  դղյակներում ապրող չգնահատված հանճարներ և միջին խավի միջին հետաքրքրությունների տեր կասկածելի անձինք:

Դրանից առաջ մի քանի տարի աշխատել եմ որպես երիտասարդության հարցերով երկրորդ կարգի մասնագետ ՀՀ Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: Դուրս եմ եկել սեփական դիմումի համաձայն, այդպես էլ չհասնելով երիտասարդության հարցերով առաջին կարգի մասնագետի պաշտոնին, ինչի մասին երազել եմ ողջ գիտակցական կյանքիս ընթացքում: Ստացել եմ ամսական երեք հազար դրամ աշխատավարձ և այդպես էլ չեմ պարզել, թե երիտասարդության հատկապես որ հարցերի գծով եմ մասնագետ և ինչու հատկապես երկրորդ կարգի: Չարաշահելով Մշակույթի նախարար Հակոբ Մովսեսի հորս ընկերը լինելու հանգամանքը՝ հանցավոր համաձայնության եմ եկել ինձ հետ նույն սենյակում աշխատող ոմն Լեռնիկ Դ.-ի հետ և սենյակի կենտրոնում բռնցքամարտի պարկ եմ կախել՝ Լեռնիկ Դ.-ի հետ միասին ենթարկելով այն կանոնավոր ծեծի, բռնության և բարոյական նվաստացումների:  

Ծառայության ընթացքում հատուկ նշանակության առաջադրանքներ եմ կատարել, թափանցելով ՛՛Հայ զինվոր՛՛ թերթի դիմացի մայթին գտնվող ՛՛Ժուռնալիստների տուն՛՛ և այնտեղ տեղակայված ՛՛Հայաստանի Հանրապետություն՛՛ թերթից բերելով ինչ-ինչ լուսանկարներ: Քանի որ վաղեմության ժամկետն անցել է և քանի, որ գաղտնիք չհրապարակելու մասին որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել, պիտի խոստովանեմ, որ դրանք պաշտոնատար անձանց սովորական լուսանկարներ էին տարբեր միջոցառումներից, լուսանկարներ, որոնք նույն օրը տեղադրվում էին համացանցում, սակայն քանի որ ՛՛Հայ զինվոր՛՛ թերթն այն վարդագույն օրերին համացանցին միացված չէր, հրամկազմը որոշել էր լուսանկարների փոխադրման պատասխանատու գործողությունը հանձնարարել ինձ և ծառայակից ընկերոջս՝ Տավրոսին, որի հետ հանձնարարությունը հաջող կերպով կատարելուց հետո գարեջուր էինք խմում և սնվում ՛՛Ժուռնալիստների տան՛՛ դիմացը գտնվող ՛՛օբեկտում՛՛:

Օգտագործելով սերտ կապերս  ՛՛Հայաստանի Հանրապետություն՛՛ թերթերի խմբագրակազմի հետ, ծառայությունից հետո աշխատանքի եմ անցել վերոնշյալ թերթում և լուսաբանել մշակութային և մի շարք այլ անկարևոր միջոցառումներ: Աշխատասենյակս կիսել եմ մի համարկրելի տիկնոջ հետ, որի անուն ազգանունը իմ անվան և ազգանվան հետ միասին ոսկետառ գրվել է մեր սենյակի վերևում, ինչն այնուամենայնիվ չի խանգարել ինձ առանց խղճի խայթի դուրս գալ աշխատանքից ցածր վարձատրության պատճառով: Թերթի խմբագրի դիպուկ բնութագրմամբ՝ ոսկեջրած ազգանունս անհամեմատ ավելի երկար է մնացել խմբագրությունում, քան ես:

Դրանից հետո երեք ամիս շինանյութ եմ վաճառել մերձմոսկովյան շուկաներից մեկում, հեռավոր ազգականիս կետում: Երեք ամսում հետ եմ գցել 200 դոլար, բայց հասցրել եմ հասկանալ, որ Հայաստանից դուրս չեմ ուզում ապրել և հասցրել եմ գրել ՛՛Սկյութների ստվերները՛՛ վեպը, որի համար վերադարձիս արժանացել եմ ՛՛Դերենիկ Դեմիրճյանի՛՛ անվան մրցանակին: Առայժմ դա իմ միակ մրցանակն է, եթե չհաշվենք մի շարք տարեց գրողների կողմից իմ հասցեին տարբեր առիթներով ասված զուսպ գովասանքի իմաստուն խոսքերը և բալզակյան տարիքի սկսնակ բանաստեծղուհիների տարփոտ ու երկիմաստ հաճոյախոսությունները:

Վերադարձիս վերագտել եմ ինձ Հայրենիքի գործազուրկ գրկում:  Հոգաբանական կարճատև տվայտանքներից հետո աշխատանքի եմ անցել  ՛՛Նարցիս՛՛գրական հանդեսի արձակի բաժնում: Ամսագրի անունն ընտրել էր բանաստեղծուհի և ամսագրի հովանավոր, ամերիկահայ Սոնա Վանը: Նրան տարհամոզելու մեր բոլոր փորձերն անցել էին ապարդյուն: Շուրջ երկու տարի վարել, ավելի ստույգ՝ վերուվարել եմ Նարցիսի արձակի բաժինը, ստանձնելով ամենածանր և պատասխանատու գործը՝ մերժել անտաղանդ և միջակից ցածր գրողներին, ինչն արել եմ ոչ առանց բարոյական բավականության: Ամսագրից հեռացել եմ անգլիական ոճով, բայց հայավարի՝  առանց հրաժեշտի և հավեսով:

Դրանից հետո շուրջ ութ ամիս ռուսերենից հայերեն եմ թարգմանել ՛՛Նովոստի-Արմենիա՛՛ կայքի լուրերը: Թարգմանել եմ, ինչ տվել են, անգամ այնպիսի լուրեր, ինչպիսիք են Մխչան գյուղում Մոսկվիչ մակնիշի մեքենայի շրջվելն ու ջրափոսն ընկնելը կամ խոզի գրիպից հեռավոր գյուղերում սատկած խոզերի մասին բոթը: Ի վերջո ձանձրացել եմ և քանի որ անգլիական ոճով հայավարի հեռանալու հնավորություն չեմ ունեցել, տեղեկատվական կայքի ղեկավար ամուսնական զույգին ըստ պայմանագրի երկու շաբաթ առաջ տեղյակ եմ պահել հեռանալուս մասին:

Հեռանալուց հետո անակնկալ պարզել եմ, որ թարգմանություններով կարելի է ձախ և մասամբ օրինական եկամուտներ ունենալ՝ խուսափելով ՀՀ գերհզոր հարկային համակարգի ճզմիչ մեքենայից և ցածր աշխատավարձի սպասման ստորացուցիչ հեռանկարից, ինչը փորձում եմ օգտագործել ի շահս ինձ և ի բարօրություն իմ ընտանիքի:

2002-ից Հայաստանի գրողների միության անդամ եմ, ինչը նշանակում է, որ տիկնոջս հետ պարբերաբար հանգստանում ենք Ծաղկաձորի գրողների միության հանգստյան տանը: Ամուսնացած եմ, ունեմ չորս գիրք՝ ՛՛Վերջին ժամը՛՛ 2002, ՛՛Սկյութների ստվերները՛՛ 2008, ՛՛Մեղքի հարյուր տարին՛՛- 2014, ՛՛Ընկնող աստղերի աստղերի անձրևի վկան՛՛-2014:  

Ռոմանտիկ եմ և կասկածամիտ: Թվարկված իրադարձությունների ողջ ընթացքում ՛՛տակից՛՛  զբաղվել եմ Այկիդո մարտարվեստով, ունեցել եմ մեծ հեռանկարներից զուրկ փոքր խմբակներ: Յութուբում ունեմ էջ, բայց ոչ իմ անունով: Ունեմ թարմ մտքեր և մասամբ առողջ հետաքրքրություններ:  Ներկայում արևմտահայերենից արևելահայերենի եմ վերածում Թափառականի ՛՛Դեպի կախաղան՛՛ վեպը, ինչը համարում եմ իմ կյանքի ամենամեծ գործը...

bottom of page